ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Կարծրատիպերի և գաղափարների բախման կետում

Կարծրատիպերի և գաղափարների բախման կետում
12.09.2017 | 00:40

Թվում էր` Հայաստանի քաղաքական ու փորձագիտական միտքը պիտի վերջապես հրաժարվի «ո՞վ է լինելու 2018-ին վարչապետ» ժամանակի մեջ միայն պատասխանելի հարցից ու վերադառնա այսօրվա իրականությանը` թեկուզ նույն այդ հարցի ռեալ պատասխանի նախադրյալները պարզելու համար: Առավել ևս, որ իրադարձությունների ընթացքը կուտակում է փաստեր, որոնք, մեղմ ասած, կրակում են բոլորիս վրա: Բայց կամ փորձագիտական ալարկոտությունը, կամ քաղաքական կաշկանդվածությունը տանում են տրորված ճանապարհով` օրակարգում պահելով վարչապետի անձը, նույնիսկ չանդրադառնալով «ի՞նչ է անելու վարչապետը 2018-ին ու հետո» հարցին, եթե պայմանները մնում են նույնը` թե քաղաքական, թե տնտեսական: Համենայն դեպս, միայն իբրև տեղեկատվություն ընկալվեց Հայաստանի էներգետիկ հզորությունների նոր չափաբաժինը բարեհաջող մեկ տարին բոլորած ու նոր ոգի չդարձած վարչապետ Կարեն Կարապետյանի ձեռամբ Սամվել Կարապետյանին փոխանցելու փաստը: Գործնականում մեր աչքի առաջ խաղարկվում է երկրորդ «Գույք՝ պարտքի դիմացը», երբ պարտք չկա, բայց մնում է վասալային պարտավորությունը` երբեք «ոչ» չասել Ռուսաստանին, ինչ գին էլ պահանջվի: Իսկ դա ոչ միայն քաղաքականություն է, այլև մտածողության կարծրատիպ, որն ամենավտանգավոր ու դաժան թշնամին է: Մտածողության ժանգը քերելու համար ժամանակը չէ գլխավորը, հակառակը`ժամանակն ընդարմացնում է, բթացնում ոչ միայն ընկալունակությունը, այլև սպառում արձագանքի տարածքն ու հնարավորությունները: Մտածողության ժանգի դեմ գործունակ են միայն գաղափարները` կենսունակ ու տարողունակ: Պայմանով, որ ոչ թե խորացնում են վիճակի անելանելիությունը, այլ ելք են ցույց տալիս, թեկուզ սկզբում անհավանական ու անիրական թվացող: Մտածողության ժանգը մենք ընկալում ենք իբրև կայունություն ու անխուսափելիություն` խրված փոփոխությունների առաջ խուճապի մեջ:

Կարծրատիպերի ու գաղափարների բախման թափանցիկ հարթակ դարձավ Երևանի ավագանիում «Ելքի»` մայրաքաղաքի մի քանի փողոցների անվանափոխության նախաձեռնությունը, որ բացեց Պանդորայի ազգային արկղը, որտեղ նիրհում են անցյալի անպատասխան հարցերը: Ի վերջո, մենք այդպես էլ չենք պարզել Առաջին հանրապետության կործանման պատճառները, թեպետ պատրաստվում ենք 2018-ին նշել 100-ամյակը: Իսկ չենք պարզել, որովհետև գերադասում ենք ընդունել, որ դարձել ենք համաշխարհային դավադրության զոհ, գերտերությունների շահերի մեջ չենք կարողացել մեր շահը պաշտպանել` թուլության պատճառով: Հանդիպակաց հարց` ինչպե՞ս Առաջին համաշխարհայինում պարտված Թուրքիան վերականգնեց պետականությունն ու նոր տարածքներ ստացավ մեր հաշվին, եթե գլխավոր պատճառը թուլությունն է: Ո՞վ և ինչու՞ ուժեղացրեց Թուրքիային: Ի՞նչ է փոխվել այսօր: Ոչինչ: Այլապես Երևանի ավագանու լուծելիք խնդիրը չէր դառնա հանրաքվեի հարց ու միջազգային միջամտության պատճառ: Մենք սկսում ու երբեք չենք ավարտում` սա ախտորոշում է, բայց բուժման ցանկություն չունենք:
Մտածողության կարծրատիպերի դեմ «Ելքը» երկրորդ քայլն էլ արեց` ԱԺ ներկայացնելով հայտարարության նախագիծ, որով Հայաստանը հայտարարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելը: Առաջին հայացքից` բացարձակապես անիմաստ քայլ` հաշվի առնելով իշխանական ու ընդդիմադիր ուժերի համամասնությունը խորհրդարանում: Կասկած չկա, որ կոալիցված ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն դեմ են լինելու, ավելին` քննարկումը խանդավառ հնարավորություն է հերթական հավատարմության երդումներ տալու ԵԱՏՄ-ՀԱՊԿ-ին, բայց Հայաստանում իշխանության խոսքին ձրի չեն հավատում: Նույն շրջագծում է պտտվելու ԲՀԿ-ն` «Ծառուկյան» դաշինքի անվան տակ: Ավելին` անհիմն ավանդույթ է` ԲՀԿ-ին թվում է, որ ոչ թե ինքը, այլ իրեն պիտի միանան: Ինչ հարց էլ լինի:

Նրանք իրենց համարում են քաղաքական ծանրքաշային և այդպես են համարելու այնքան, քանի կշռողը ՀՀԿ-ն է: Հազիվ թե «Ելքում» անտեղյակ են գործընկերների քաղաքական նախապատվություններին, ուրեմն ո՞րն է նախաձեռնության նպատակը, եթե հայտնի է կանխավ, որ չի ընդունվելու: Ակնհայտ է, որ «Ելքի» թիրախում ոչ խորհրդարանն է, ոչ Մոսկվան, ոչ Արևմուտքը: Նրանք դիմում են հանրությանը` օգտագործելով խորհրդարանի ամբիոնը, խնդիրը հասարակության տրամադրությունների վրա ներգործելն է: Մտածողության կարծրատիպերի վրա ներգործելը և փակուղիներից դուրս գալու հնարավորություն տալը: Դա ոչ այսօրվա, ոչ մեկ օրվա խնդիր է, դա գործընթաց է, որտեղ «Ելքի» խաղաթղթերը ավելի շահեկան են ու իրականության հետ հակասություններ չունեն: Աշխարհում այլևս 2013-ը չէ, չորս տարում բազում իրադարձություններ հերքել են այն փաստարկները, որոնք հիմնավորում էին Մաքսային միությանն անդամակցությանը ԵՄ-ից նախապատվություն տալը: 2017-ին ակնհայտ է, որ անվտանգության խնդիրները չլուծվեցին, տնտեսական բում չեղավ. ԵԱՏՄ միֆական շուկան մնաց նույն ռուսականը, որտեղ մուտքը կամ ընթացքը ոչ թե ԵԱՏՄ համաձայնագիրն է որոշում, այլ ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցներով ստեղծված իրավիճակը, ռուս-թուրքական կարճատև «ինքնաթիռային» կոնֆլիկտը` իր հետևանքներով: Առավել ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանի համար ԵԱՏՄ-ն նախկին խորհրդային հանրապետություններին իր շրջագծում պահելու կամ ազդեցության գոտի բերելու քաղաքական գործիք էր ու մնում է քաղաքական, իսկ տնտեսական բաղադրիչը հնարված էր` հավաստիություն հաղորդելու համար: Դա գիտեն բոլորը, բայց շարունակում են խաղը` ուրիշը չլինելու պատճառով: «Ելքը» հենց այդ ուրիշն է փորձում ստեղծել, բայց ոչ մեկ գիշերում կայացված որոշման տեսքով, այլ ամբողջ հասարակության ձևակերպած պահանջի: Պարզ է, որ ընդունված կամ չընդունված մեկ հայտարարությամբ նախաձեռնությունը չի ավարտվելու, և լինելու են հետագա քայլեր, որոնց հաջորդականության կամ բովանդակության ներկայացման իրավունքը «Ելքինն» է, հասարակության հետ երկխոսության անհրաժեշտության գիտակցումով: Իհարկե, հարց է` կբավարարե՞ն «Ելքի» ռեսուրսները մտածողության կարծրատիպերը արդյունավետ ջարդելուն ու նոր գաղափարներ ներկայացնելուն, բայց այս դեպքում «Ելքն» այլ ելք չունի: Հավելեք, որ քաղաքական ասպարեզում հաստատված ավանդույթով` «Ելքը» մշտապես լինելու է ոչ միայն իշխանության «հրաձգարանում», այլև այն ընդդիմադիր ուժերի, որ ԱԺ չեն անցել: Բացի այդ, Ռուսաստանի քաղաքական ու փորձագիտական դաշտի և Հայաստանում գործող «ռուսահպատակների»: Դա արդեն «իրավական ձևակերպում» էլ ունի` ի դեմս Մոդեստ Կոլերովի «պարզաբանումների»:

Բայց ոչ առաջին, ոչ վերջին անգամ է, ընթացք է, որ ներկայացնում է ռուսական մտածողության անանց կարծրատիպերը և նոր գաղափարների չգոյությունը: Հաջորդ քայլով նրանք կսկսեն խոսել պատերազմի հավանականության մասին` պարտադիր հավելելով, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Արևմուտքը միայն խանգարում է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը: Կրեմլի հաջորդ քայլը լինելու է Ադրբեջանն իր լայն հովանու տակ վերցնելը: Դա օրինաչափություն է` Ռուսաստանը գիրկը բացում է նրանց առաջ, ում Արևմուտքը ցույց է տալիս դռան տեղը: Որ Արևմուտքը որոշակի ծրագիր ունի Ադրբեջանի հարցում, բացահայտեց Մեծ Բրիտանիան: Բաքվի ավանդական տնտեսական, էներգետիկ ու քաղաքական գործընկերը այս անգամ թիկունքից հարվածեց` բացելով «ադրբեջանական լվացքատան» դռները: Ի պատասխան Ադրբեջանը հայտարարեց, որ դա հայկական լոբբիի ու բրիտանական հատուկ ծառայությունների գործակցության արդյունքն է, բայց չբացատրեց, թե բրիտանական հատուկ ծառայություններին ինչո՞վ է զայրացրել, որ որոշել են հրապարակայնացնել կոռուպցիոն սխեմաները: Պարզ է, որ «լվացքատան» դռները ինքնաբերաբար չեն բացվում, առավել ևս, որ միայն Մեծ Բրիտանիան չի ներքաշված ադրբեջանական սկանդալի մեջ: Հոկտեմբերին Ստրասբուրգում կսկսվի ԵԽԽՎ նստաշրջանը և ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության գործընթացը, որի ժամանակ Բաքուն մեկ անգամ չէ, որ կհիշվի ու կհիշատակվի իր «խավիարային» դիվանագիտության պատճառով: Լուկա Վոլոնտեն էլ Իտալիայում է հետաքննության տակ և իտալացուն վայել եռանդով շատախոսում է: ԵԽԽՎ-ում կարող է քննարկվել Ադրբեջանի պատվիրակությանը ձայնից զրկելու հարցը, դա ևս գլխացավանք է Բաքվի համար:
Իլհամ Ալիևը այնքան փորձառու՞ է, որ հասկանա` օղակը սեղմվում է: Չեն բացառվում նաև ԱՄՆ-ի պատժամիջոցները, և Մեծ Բրիտանիան կամ Թուրքիան այս անգամ Ադրբեջանի փաստաբանը չեն լինի: Այս պայմաններում Արցախի դեմ պատերազմ սկսելն Իլհամ Ալիևի համար ինքնասպանություն է: Դա հասկանում է նաև Ռուսաստանը: ՌԴ ԱԳն խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի ու նրա շրջապատի վերաբերյալ բրիտանական կոռուպցիոն սկանդալին, ասել է` Արևմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակիցների, մասնավորապես Ադրբեջանի վրա: Ճիշտ է ասել` Արևմուտքը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որ նույնպես Ռուսաստանի դաշնակիցն է, Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանի վրա, բայց Մարիա Զախարովան չի ասում, թե Արևմուտքը ինչու՞ է ճնշում գործադրում: Միայն Ռուսաստանի դաշնակից լինելու՞ պատճառով, թե՞ կան իսկական պատճառներ: Այդ հարցը թող հետաքրքրի Բաքվին ու Անկարային: Եթե իմ բարեկամի բարեկամը իմ բարեկամն է, Ռուսաստանի բարեկամ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի բարեկամն են: Կամ` Ռուսաստանը Հայաստանի բարեկամը չէ: Քաղաքականության մեջ բարեկամներն ու թշնամիները հավերժական չեն: Եթե աշխարհում ամեն ինչ փոխվում է, որտե՞ղ է Հայաստանը, որ ոչինչ չի փոխվում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Գուցե ոմանք շտապեն եզրակացնել, որ Արևմուտքը համատեղ ուժերով հասունացնում է Իլհամ Ալիևի գահընկեցության պահը: Հազիվ թե: Վաշինգտոնում էլ, Բրյուսելում էլ գիտեն նրա իշխանության փլուզման վտանգավոր հետևանքները: Անկայունության ու քաոսի ևս մեկ թեժ կետ մուսուլմանական աշխարհում, երբ Սիրիայում ավարտված չէ պատերազմը, ու լուծված չէ Ասադի իշխանության հարցը, երբ Մասուդ Բարզանին պատրաստվում է անկախության հանրաքվեի Իրաքյան Քրդստանում, որին դեմ են Սիրիան, Իրանը, Թուրքիան, Իրաքը, երբ Սիրիայում պարտվող ԻՊ-ի զինյալները ավելի արագ կարող են հայտնվել Ադրբեջանում, քան ներթափանցել Եվրոպա, ոչ մեկին պետք չէ: Աշխարհում ու տարածաշրջանում ծավալվում է մեծ խաղ, որի արարներից մեկն է Ալիևների իշխանության մեխանիզմները հրապարակայնացնելը, անգամ պատժամիջոցներ սահմանելն ու Ալիևների միլիարդների սառեցումը արևմտյան բանկերում: Ալիևը մտադիր չէ հանձնվել. «Ադրբեջան» պաշտոնաթերթը գրում է, որ Ալիևն ու Թրամփը լավ հարաբերություններ ունեն, բայց եթե Մագնիցկու ակտը տարածվի Ադրբեջանի վրա, Բաքուն կարող է վերանայել Արևմուտքի հետ ռազմավարական գործընկերությունը: Ի՞նչ է վերանայելու Հայաստանը: Ճիշտ կլիներ սկսել կարծրատիպերից: Գաղափարներն ընկալելու համար: Հետո պարզապես կարող է ժամանակ չլինել:

Դիտվել է՝ 2894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ